Home » 2016 » August » 1 » Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ. Հարություն Մովսիսյան
1:07 PM
Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ. Հարություն Մովսիսյան

Հունիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր կենսուրախությամբ, ինքնազգացողության վատացման պատճառով դիմեց բժշկի: Բժիշկների անհապաղ ընդունած որոշումը մեկն էր՝ պետք է անմիջապես ստենտավորել սրտի անոթը:

 

«Նախորդող օրերին կրծքավանդակումս երկու անգամ այրոց և ցավեր զգացի, բայց այդ ամենը կապում էի նրա հետ, որ գուցե անառողջ կամ հին սնունդ եմ օգտագործել, սխալ սննդակարգ ունեմ: Մտածում էի՝ ստամոքսս է ցավում: Հատկապես, որ այդ պահին Աբովյանում էի՝ խնջույքի: Շտապօգնություն եկավ ու ասացին, որ սիրտս լավ վիճակում չի, բայց չհավատացի, վստահ էի, որ ստամոքսի խնդիր է: Բայց քանի որ նույնը կրկնվեց հաջորդ օրը, կասկածեցի… Ցերեկը՝ ժամը 13:00-ին, գնացի բժշկի, ժամը 15:00-ին ինձ արդեն վիրահատում էին, ամեն ինչ այդքան լուրջ էր»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց արդեն իսկ նկարահանման հրապարակում գտնվող Հարություն Մովսիսյանը:

 

 

Կարելի է ասել՝ առաջին անգամ դերասանի կյանքը փրկել է կինը, երկրորդ անգամ՝ դուստրը՝ ստիպելով անհապաղ դիմել բժշկի: «Ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման բաներին: Նախորդ անգամ կինս էր ստիպել, այս անգամ էլ աղջիկս լացակումած ինձ գրկեց, ասաց, որ անպայման բժշկի գնամ: Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի: Երախտապարտ եմ աղջկաս, ով ուղղակի փրկեց կյանքս»,-խոստովանեց մեր զրուցակիցը:

 

Տարիներ առաջ վաստակավոր արտիստը ևս մեկ նմանատիպ վիրահատություն էր տարել. Սրտի անոթները փոխարինվել էին իր մարմնից վերցված 3 երակով, որոնցից մեկն էլ այս անգամ կես սանտիմետրի չափ «լոճվել» էր՝ դառնալով կյանքի հետ անհամատեղելի: «Հենց ստենտը դրեցին, ամեն ինչ անցավ: 3 օր մնացի հիվանդանոցում, կարող էի մեկ օր էլ մնալ, բայց բժիշկների թույլտվությամբ դուրս եկա, քանի որ նկարահանումներս կձախողեի: Բժիշկներին ասացի, որ արդեն լավ եմ, սրտի հետ այլևս խնդիր չունեմ, պարզապես ցուցում տվեցին՝ մոտ 10 օր առավել հանգիստ ռեժիմով աշխատել: Ու, բնականաբար, մնալու եմ իմ հրաշալի բժիշկների հսկողության տակ, որոնց շատ շնորհակալ եմ: Ջանացին, որ ամեն ինչ լավ լինի, կյանքս փրկեն: Վստահեցնում են, որ նման խնդրի առջև այլևս չեմ կանգնի»,-ընդգծեց նա:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ Aysor.am-ում։

Views: 888 | Added by: 2700 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar