Home » 2016 » August » 2 » Հրաժեշտ Վովա Գասպարյանին
9:33 AM
Հրաժեշտ Վովա Գասպարյանին
 
Շատերն են նկատել, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո այս երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոչ մի խոսք չի ասել, դեպքի վայրում էլ կարծես թե երեւացել է մեկ անգամ, համենայնդեպս լրագրողների տեսադաշտում: Ի տարբերություն օրինակ Բաղրամյան փողոցի իրադարձությունների, երբ նա կիզակետում էր գրեթե ամեն օր:

 

ՊՊԾ գնդի գրավման պատմությունն ընդհանրապես քիչ ինչ հանելուկային է, եւ զինված գործողության շուրջ էմոցիաների ու աղմուկի նվազմանը զուգահեռ հավանաբար քննարկումներ կլինեն այս կապակցությամբ: Առայժմ, հնչում են կարծիքներ, որ այդ բանը հնարավոր կարող էր դառնալ իշխանության թեւերից մեկի աջակցությամբ:

 

Ոստիկանությունը Վովա Գասպարյանի օրոք բավական հակասական կառույց էր դարձել: Մի կողմից, ստացվում էին արեւմտյան ահռելի գրանտներ ոստիկանության վերազինման ու ուսուցման համար, որի արդյունքները երեւում են, մյուս կողմից այդքան էլ միանշանակ չէր բարեփոխման արդյունքը վարքի ու գործողությունների տեսակետից: Զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանության պահվածքը հակասական էր՝ զուսպ, գրագետ գործողություններից մինչեւ ակնհայտ ապօրինություն:

 

Հայաստանի ոստիկանության իրական գործառույթը իշխող համակարգի պաշտպանությունն է հանրության պահանջներից: Այնուամենայնիվ, մինչեւ հուլիսյան իրադարձությունները ոստիկանությունը պահպանում էր նաեւ հանրության հետ կամուրջը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ մարդիկ դիմում են ոստիկանություն, երբ իրենց հետ կամ շրջապատում ինչ որ բան է կատարվում:

 

Այս վիճակում ոստիկանությունը «դիմավորեց» հուլիսյան իրադարձությունները, երբ կրկին հայտնվեց հանրության դեմ հանդիման: Այս անգամ ոստիկանությունը գործեց դաժանաբար, որի գագաթնակետը հուլիսի 29-ին Սարի թաղի ծեծուջարդն էր քրեական խաժամուժի հետ համատեղ:

 

Անկասկած, ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին: Հնարավոր է այստեղ դեր են խաղացել ոչ ստանդարտ իրավիճակը եւ վտանգի առավել մասշտաբայնությունը, ցուցարարների անմիտ գործողությունները, ոստիկանության պարծանքը հանդիսացող գնդի գրավման ու ոստիկանների սպանության հանգամանքները:

 

Սակայն, գլխավոր հանգամանքը կարծես թե այլ էր: Ցանկացած հեղափոխության կամ հեղաշրջման հաղթանակի գրավականը ուժային կառույցների «չեզոքությունն» է, երբ նրանք հրաժարվում են ուժի կիրառումից: Այնպես չէ, որ իշխող համակարգը կասկածներ ուներ ուժային բլոկի կապակցությամբ, այնուամենայնիվ, իրավիճակը ստանդարտ չէր, եւ անհրաժեշտ էին կայուն երաշխիքներ:

 

Բացի այդ, Հայաստանում ներկայում ներհամակարգային խմբավորումների լուրջ պայքար է ընթանում, կապված նոր իշխանության ձեւավորման հետ: Զինված խմբի գրոհից հետո իշխանությունը սկսեց բարդ ներքին ու արտաքին խաղ, օգտագործելով այդ ոչ ստանդարտ իրավիճակը: Մասնավորապես, այդ ընթացքում լուծվեց նաեւ ոստիկանության խնդիրը: Ոստիկանությունն իր գործողություններով կտրեց վերջին կամուրջները հանրության հետ, դա նկատելի է անզեն աչքով:

Աղբյուր՝http://www.lragir.am/index/arm/0/comments/view/137070
Views: 5332 | Added by: vahagnyesayan00 | Rating: 4.0/3
Total comments: 0